ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Լույս և խնկարկում

Լույս և խնկարկում
27.10.2015 | 00:46

Կան մարդիկ, որոնց ներկայությունը մեր կյանքում թթվածնի նման է. երբ կա, վայելում ենք նույնիսկ աննկատ, չկա` շնչահեղձ լինելու չափ ծանր է դառնում չգոյությունը: ՅՈՒՐԻ ԱՎԵՏՅԱՆԻՆ ճանաչողներն աներկբայորեն կհավաստեն, որ նա հենց այդպիսին էր:
Ծնվել է 1933-ի մարտի 13-ին` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հասանյաղա գյուղում: Մեկ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Կիրովաբադ: Տեղի թիվ 11 դպրոցն ավարտելով, մեկ տարի աշխատեց որպես բանվոր, հետո մեկնեց խորհրդային բանակ, ծառայեց ավիացիայում` որպես կապավոր: Բանակից հետո աշխատանքի անցավ Կիրովաբադի հաստոցաշինական գործարանում` հասնելով 6-րդ կարգի խառատի աստիճանի և ստանալով անձնական կնիք, ինչը նրա պատրաստած արտադրանքն ազատում էր հետագա ստուգումներից: Նրա ձեռքով են պատրաստվել Կիրովաբադի խորհրդանշական բանալիները, քաղաք, որի տեղական խորհրդի պատգամավոր էր: Համաքաղաքացիները սիրում, գնահատում և շատ էին արժևորում նրա մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշները, իսկ հարազատների, մերձավորների ու ընկերների համար Յուրին անփոխարինելի խորհրդատու էր, ամենադժվարին պահերին օգնության ձեռք մեկնող սրտակից մարդ:
1988-ին, երբ ազգային-ազատագրական պայքարի ոգին ջնջել էր Հայաստանի ու Արցախ աշխարհի միջև արհեստականորեն գծված սահմանը, Յուրի Ավետյանը տիկնոջ ու երեք որդիների հետ տեղափոխվեց Հրազդան քաղաք, այնուհետև` Երևան` շարունակելով բարձրակարգ խառատի աշխատանքն ու իր մասնագիտական հմտությունները փոխանցելով սկսնակներին: Նրա ապրած համեստ, բայց ավելի քան բովանդակալից կյանքը աշխատավոր հայ մարդուն բնորոշող վավերագիր էր, մարդ, ում ներկայությունն այնքան կարևոր էր նրան շրջապատողների համար, իսկ բացակայությունը` այնքա՜ն ցավոտ ու անտանելիորեն դառը:
Յուրի Ավետյանն իր մահկանացուն կնքեց բոլորովին վերջերս` հոկտեմբերի 19-ին` երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, անասելի վիշտ պատճառելով սիրելի կնոջը, որդիներին ու թոռներին, մերձավորներին, հարազատներին, ընկեր-ծանոթներին:
Մշտնջենական լույս քո երկնային ճանապարհներին, սիրելի Յուրի:
Հավետ խնկարկում քո պայծառ հիշատակին:


Հրայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1681

Մեկնաբանություններ